Շիրխանյանին սայլակ չեն տրամադրում. դիմելու են ՄԻԵԴ

ԿՀԱՅՏՆՎԵՆ ԾԻԾԱՂԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին սայլակ չեն տրամադրում՝ գոնե անձնական կարիքները հոգալու համար տեղաշարժվելու: 
 
Ավելի ստույգ՝ նրան սայլակ տրամադրվել է, սակայն փաստաբանի հավաստմամբ՝ այն դրել են մի հեռավոր անկյունում, որտեղ հասնելն անգամ անհնարինության չափ դժվար է վատառողջ ամբաստանյալի համար, ով հիմա դատապարտյալների հիվանդանոցում է: Այս մասին այսօր լրագրողներին ասաց նրա փաստաբան Հայկ Ալումյանը:  
 
-Այնպես են արել, որ եթե Վահան Շիրխանյանը ցանկանա գնալ զուգարան՝ ստիպված կլինի 40 րոպե սպասել, որ այդ հեռավոր վայրից սայլակը բերեն: Ու այդպես՝ ամեն անգամ,-ասաց փաստաբանը:
 
Վահան Շիրխանյանը դեռ հուլիսի  17-ին սայլակի հարցով դիմել է Դատապարտյալների հիվանդանոցի պետին և խնդրել, որ սայլակը գոնե իր մահճակալին մոտ դնեն, սակայն Շիրխանյանին մերժել են,  քանի որ դատապարտյալների հիվանդանոցում սայլակի կարիք  ունեցող այլ հիվանդներ էլ կան: Այսինքն՝ ամբողջ հիվանդանոցում մեկ սայլակ կա, այդ պատճառով մերժում են Շիրխանյանին:
 
 Հայկ Ալումյանն չթաքցրեց, որ այդ հարցով դիմելու են Եվրոպական դատարան, քանի որ իր պաշտպանյալին ծաղրում են: Անգամ դեպք է եղել, որ երեք ժամ հետո են տվել սայլակը: Շիրխանյանը վստահ է, որ իրավապահ համակարգը ծիծաղելի վիճակում կհայտնվի, երբ Եվրոպական դատարանը բավարարի իրենց  պահանջը: 
 
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ԱԱԾ վնասազերծած զինված խմբի գործով դատական նիստը: Դատարանում ընթերցել են «Զինված խմբի» գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները: Ըստ մեղադրական եզրակացության՝ խմբի անդամները կատարել են Արթուր Վարդանյանի կողմից իրենց առաջադրված հանձնարարությունները:
 
Մասնավորապես, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մադոյանը, Ավետիս Բարեյանը և Արման Հայրապետյանը լուսանկարել կամ տեսագրել են Արթուր Վարդանյանի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները՝ Հովիկ Աբրահամյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Մրգաշեն գյուղում գտնվող Սեյրան Օհանյանի հայրական տները, դրանց մատույցները: Ինչպես նաև՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրերը, ՀՀ նախագահի նստավայրը, Բարեկամության և Ֆրանսիայի հրապարակները, Հաղթանակ և Կիևյան կամուրջները:
 
Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը 2014 թ-ից պարբերաբար ուղևորություններ է իրականացրել Իսպանիայից Սիրիա, Լիբանան, Հայաստան: Նա գործով ամբաստանյալ Հայր Անտոնից մաս-մաս 60 հազար դոլար գումար է վերցրել՝ Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելու նպատակով:
 
Ի դեպ. Զինված խմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի հեռախոսազանգերի և տեսակցությունների վրա դրված արգելքը վերացվել է։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 11-ին: