«Ե՛վ, և՛». ասել է թե՝ շահավետ այլընտրանք

ՆԱԵՎ՝ ՉՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 5-ին Իրան կատարելիք այցից առաջ ՀՀ նախագահը պատասխանել է իրանական ԻՌՆԱ պետական լրատվական գործակալությանը հետաքրքրող և երկու երկրների համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցերի: Այս և սրանից առաջ իրանական այլ լրավամիջոցներին տված հարցազրույցներում  Սերժ Սարգսյանի պատասխանները զուսպ են, զերծ շռայլ խոստումներից: Եվ ճիշտ են այն մեկնաբանությունները, որ նրա իրական խոստումներն իր խոսքերի տողատակում են: Փոխարենը՝ ակնհայտ է «և՛, և՛»-ի քաղաքականությունը վերահաստատելու հայկական կողմի միտումը:
 
Անցումային կոչվող վայրիվերումների փուլն առ այսօր հաղթահարել չկարողացող Հայաստանը կարծես հստակեցրել է առաջնահերթությունները: Ու որքան էլ պետության կայացման ճանապարհին երկրորդական հարցեր չկան, սակայն պարտադրված պատերազմի մեջ ներքաշված և համատարած գործազրկության ճիրաններում հայտնված պետության համար մնացյալն ածանցվում է ելակետային այս խնդիրներին: 
 
Եվ կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում Իրան-Հայաստան համագործակցությանը վերաբերող հարցին ի պատասխան՝ Նախագահ Սարգսյանը ընդգծում է ղարաբաղյան հակամարտության լուծման կարևորությունը;Իսկ դրա հիմքում Արցախի ժողովրդի` ազատ կամարտահայտվելու իրավունքն է և այդ իրավունքի ճանաչումը բոլորի կողմից։
 
Բարձր գնահատելով ԻԻՀ հավասարակշռված և սկզբունքային դիրքորոշումը՝ միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, ՀՀ նախագահը շատ թափանցիկ ակնարկ է շրջանառում.
 
- Իսկ լավագույն ներդրումը, որ միջազգային հանրության յուրաքանչյուր անդամ կարող է ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, հասցեական հայտարարություններով և առավել գործնական քայլերով Ադրբեջանի ապակառուցողական, շարունակական սադրանքների քաղաքականության զսպումն է և վերջինիս կառուցողական դաշտ բերելը: 
 
Սա նաև ակնարկ է Հայաստանում  ներկայություն ապահովել ձգտող ու այդ նպատակով իրենց ՀՀ բարեկամը, առավել ևս՝ ռազմավարական գործընկերը համարող բոլոր երկրներին:
 
Կողմերի դիրքորոշման, ԻԻՀ-ՀՀ համագործակցությունից երկուստեք ակնկալիքների առումով շատ ավելի հստակեցնող տարրեր է պարունակում հատկապես   «Շարղ» օրաթերթում հրապարակված հետևյալ հարցն ու պատասխանը.
 
-Ինչպիսի՞ն է Ձերդ Գերազանցության գնահատականը Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցության, այդ թվում՝ էլեկտրականության և գազի փոխանակումների վերաբերյալ: Ինչո՞ւ հաջողություն չունեցավ դեպի Եվրոպա Հայաստանի և Վրաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագիրը: Արդյո՞ք այս կապակցությամբ կարելի է հուսալ, որ շուտով նոր քայլեր կձեռնարկվեն:
 
-Էներգետիկ համագործակցությունը հայ-իրանական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է: Շուրջ 10 տարի է, ինչ Իրանի հետ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագիրը: Այդ համատեքստում մեծ կարևորություն ունի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները:
Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության համար:
 
Իսկ հատկապես գազի և էլեկտրաէներգիայի հարցում այլընտրանք ունենալը վաղուց ի վեր Հայաստանի հրատապ առաջնահերթություններից է: