Որևէ վայր ոտք դնելուց առաջ լա՛վ մտածիր

ՀԱՆԿԱՐԾ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿԱՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՉԲԱՐԿԱՑՆԵՍ

Որ «Եվրատեսիլը» քաղաքական շոու է, որտեղ երգն ընդամենը միջոց է` թերևս կասկածողներ չեն մնացել: 2017թ. այդ մրցույթն անց է կացվելու մայիսի 9-ին, 11-ին և 13-ին` Կիևում, և Ուկրաինան արդեն սկսել է իր քաղաքական շոուն: Ընդ որում՝ հատուկ հայտարարվել է, թե մրցույթը պետք է քաղաքականությունից դուրս լինի: Իսկ « քաղաքականությունից դուրս» ասվածի  ուկրաինական ընկալումը «փոքր-ինչ» այլ է. Այս երկրի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է Ռուսաստանի մասնակից Յուլյա Սամոյլովայի մուտքն այդ երկիր,  քանի որ նա այցելել է Ղրիմ: Ներքին գործերի նախարարի տեղակալ Անտոն Գերաշենկոն էլ հայտարարել է, որ արդեն ստուգում են, թե  արդյոք, Հայաստանի մասնակից Արծվիկ Հարությունյանը նո՞ւյնպես եղել է Ղրիմում:

Մենք միայն ԽՍՀՄ փլուզումից հետո հասկացանք, թե այս աշխարհում ով ում բարեկամն է: Կրոնով ու ծագումով հայերիս այնքան մոտ ուկրաինացիները պինդ բռնեցին Ադրբեջանին ու միշտ մեր թշնամուն պաշտպանեցին: Իսկ այսօր արդեն ուղղակի սկսել են իրենց «սիրելի բարեկամին» կապկել: Փաստորեն Արցախ այցելողներին իրենց նվիրական սև ցուցակի մեջ ընդգրկելու օրինակն իսկական քաղաքական գյուտ է եղել, ինչպե˜ս կարող էր Ուկրաինան դա չգնահատել: Ադրբեջան կոչվող` ցովետմիության ծնունդ պետության այդ գյուտը, երևում է, աշխարհում շատ արագ է տարածում գտնելու, մինչև որ մոլորակն ամբողջովին բաժանվի սև ու սպիտակ կետերի, որտեղ մարդը տեղաշարժվելու իրավունքից իսպառ կզրկվի… Եթե իհարկե՝ մարդկությունը չսթափվի:

Ուկրաինայի հենց միայն այս քայլը պետք է որ բավական լիներ, որպեսզի մյուս երկրներն իրենց երգիչներին այնտեղ չուղարկեին: Անշուշտ` դա չեն անի, քանի որ եվրոպական պետություններից շատերը ՌԴ-ի վրա ատամ են կռճտացնում, և թերևս Ուկրաինայի այս քայլը որպես լրուցուցիչ պատժամիջոց են դիտում: Իսկ եթե հանկարծ Հայաստանն այս տարի հրաժարվի, մեր թունդ «քննադատները» հաստա´տ կտարփողեն, թե դա մեր ռուսամոլությունից էր բխում: Մինչդեռ այդ միջազգային մրցույթին մեր երկրի մասնակցության հենց սկզբից էլ հիմնավորված կարծիքներ են հչել, թե Հայաստանը լավ կանի «Եվրատեսիլի» կեղտոտ խաղերից հեռու մնա:

Մինչ այդ, Հայաստանի մասնակից Արծվիկն արդեն հասցրել է իր «Fly with me» («Ճախրիր ինձ հետ») երգով երեք օրվա ընթացքում «Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական ալիքում կես միլիոն դիտում է գրանցել: Ի դեպ՝ Արծվիկի քույրը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ երգչուհին Ղրիմում երբեք չի եղել: (Տեսնես Արցախ այցելած բլոգերները Ղրիմի ծովափներին չե՞ն կարոտել):