Թանկ հուշի մի պատառիկ

ԻՐԱՊԱՏՈՒՄ

 

Մարդու էությունը ճանաչելու բազմաթիվ «դեղատոմսեր» են առաջարկում իրենց անսխալական համարողները: Սակայն ոչ մեկը չի «հուշում», որ անձի էության խոսուն վկայություններից մեկն էլ նրա մտապահած հուշերն են: Կյանքի ընթացքում յուրաքանչյուրը թե′ հաճելի, թե′ տհաճ, երջանկացնող ու վշտալի պահեր է ապրում, և կարևոր է, թե դրանցից որոնք են դառնում կյանքիդ ուղեկիցը:

Այս իրապատումի հեղինակ Ձյունիկ ՍԱՐԳՍՅԱՆՆ ունակ է ջնջել իրեն ցավ ու տհաճություն պատճառած հիշողությունները` հոգու խորքում խնամքով պահպանելով իրեն ու շրջապատին երջանկացրած դիպվածները:

 

Կան հիշողություններ, որոնք շատ թանկ են ինձ համար, անմոռաց, որ տասնամյակներ շարունակ ուղեկցում են՝ ջերմությամբ ու անսահման սիրով պարուրելով հոգիս: Կան երբեմն այցի եկող հուշեր, որ փայլատակում են ու անցնում: Իսկ հոգեմաշ  ու հոգեթով հուշերը էությանս  մեջ են, հոգուս բոլոր ծալքերում :
 
Հիշում եմ: Սովորում էի պետհամալսարանի  բանասիրական ֆակուլտետում: Մեր դասերը միշտ կեսօրից հետո էին սկսվում: Առավոտները պարապում էինք կամ հանրային գրադարանում, կամ համալսարանի մեր  մասնաշենքի 4-րդ հարկի ընթերցասրահում:

Չորրորդ կուրսում էինք, երբ մի օր, դասերից առաջ ընթերցասրահ մտավ տարիքով ամենամեծ  մեր համակուրսեցին` Սահակյան  Լավրենտին` ձեռքին «Սովետական Հայաստան» օրաթերթը: Բաց արեց չորրորդ էջի մահազդների  բաժինը և հորդորեց կարդալ: Չէի ուզում, բայց կարդացի: Երևանի ինչ-որ դպրոցի  (հիմա չեմ հիշում) մանկավարժական կոլեկտիվը խոր վշտով ցավակցում էր հայոց լեզվի և գրականության երիտասարդ ուսուցչուհի Ձյունիկ Սարգսյանի վաղաժամ մահը: Նախ զարմացա անուն-ազգանվան  զուգադիպության վրա, հետո շատ տխրեցի: Բայց հետաքրքիրն այն էր, որ կուրսեցիս համոզում էր առաջին երկու ժամը լսարան չմտնել. ինքը էրեխեքին ցույց կտա թերթը: Դժվարությամբ համոզեց, որ գնամ պատմության ֆակուլտետի ընթերցասրահ: Գնացի, բայց միայն մեկ ժամ դիմացա. դասերից երբեք չեմ բացակայել: Երբ լսարան մտա… սկզբում շփոթված հայացքներ, հետո ծիծաղ, ուրախություն:

Համալսարանն ավարտեցինք: Անցան տարիներ: Ասեմ, որ երբեք չէի երազել մանկավարժ դառնալ. նպատակներս այլ էին: Բայց աշխատանքի անցա հայրենի գյուղի դպրոցում: Հենց սկզբից կապվեցի աշակերտներիս, ընկերացա նրանց հետ. տարիքային տարբերությունը չնչին էր: Աշխատում էի սիրով, խանդավառությամբ: Նրանց էքսկուրսիաներ էի տանում,  ներկայացումներ  դիտելու, օպերային երաժշություն լսելու, Մատենադարան… 

Հերթական անգամ  գնացել էի «Անուշ» օպերայի տոմսեր վերցնելու, դրամարկղի մոտ հանդիպեցի համակուրսեցուս՝ Մարիետա Խաչատրյանին: Զարմացավ, որ գյուղում եմ աշխատում, և շատ գոհ եմ իմ աշխատանքից: Որոշ ժամանակ անց նա «Ավանգարդ» թերթում իմ մասին ակնարկ տպագրեց՝ «Վերադարձ դեպի գյուղ» վերնագրով: 

Այն ժամանակ  առանց հատուկ թույլտվության ոչ ոք չէր կարող գյուղ մտնել. սահմանային գոտի էր` շատ խիստ անցակետով: Մի օր էլ հայտնեցին, թե մենք հյուրեր ունենք: Բայց քանի որ անձնագրեր չէին վերցրել, գյուղ մտնել չկարողացան: Հաջորդ անգամ անձնագրով եկան: Մայր ու աղջիկ էին ու վարորդը: Փոքրամարմին մայրն  ուշադիր ինձ էր նայում: Մինչ այդ փեսացու-թեկնածուներ շատ էին եղել. ջահել էի, սիրուն, երևացող: Մայրը ջուր խնդրեց: Մտածեցի` եկել են հարսնատես: Մայրը դողացող ձեռքերով  բաժակը մոտեցրեց շրթունքներին: Խղճահարության նման ինչ-որ զգացում խեղդեց կոկորդս:

Աղջիկը՝ Զինան (քիչ հետո իմացա, որ նա ևս հայոց լեզվի մասնագետ է), մորը խնդրեց , որ ասի իրենց գալու նպատակը: Բաժակը կնոջ ձեռքից վերցնելիս նրա աչքերում արցունքի կաթիլներ նկատեցի: Անակնկալի եկա. ի՞նչը կարող էր այդքան հուզել նրան:

Փոքրիկ, քնքուշ ձեռքերով շոյեց դեմքս, հազիվ լսելի ձայնով ասաց.

- Ձյունիկ ջան, ես էլ աղջիկ ունեի՝ Ձյունիկ անունով, բայց…,- արցունքները խեղդում էին, չէր կարողանում  շարունակել:

Ասես գլխիս սառը ջուր լցրին: Կարկամել էի, բառեր չէի գտնում, հուզմունքից  և  անսպասելի անակնկալից   միանգամից փղձկացի: Տեր Աստված, մի՞թե  ուսանող տարիներին կարդացածս… Մենք գրկախառնվեցինք:

- Ես քո մասին «Ավանգարդ» թերթից իմացա և հասցեով եկա,- մի քիչ շունչ առնելուց հետո  եթերային ձայնով  հազիվ  լսելի եղան նրա բառերը:- Հիմա եկել և խնդրում եմ, որ իմ աղջիկը դառնաս:

Ես փարվեցի փոքրամարմին իմ Մայրիկին: Զգում էի սրտի բաբախյունը:

Տան հասցեն իմացա և խոստացա անպայման այցելել:

Գնացի: Դիմավորեցին սիրով ու քնքշությամբ: Ծանոթացա նաև Զինայի դստեր` Նելլիի հետ. սովորում էր Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում, նաև հրաշալի կոմպոզիցիաներ ուներ` չորացած ծաղիկներից պատրաստած: Ձյունիկի  հայրը  վատառողջ էր: Սոցիալիստական աշխատանքի հերոս էր եղել:

Պատմեց իր մասին և այն մասին, թե ինչու էր աղջկա անունը Ձյունիկ դրել: Ամերիկյան որբանոցում ծանոթացել էր երկու քույրերի հետ` Աստղիկ և Ձյունիկ:  Սիրտս սկսեց ահավոր ուժգին բաբախել` զարկերի ձայնը գրեթե լսում էի:

Համազասպ հայրիկը  շարունակում էր իր պատմությունը:

Որոշ  ժամանակ անց քույրերին տանում են, և ինքն այլևս չի տեսնում նրանց, ոչ էլ որևէ տեղեկություն ստանում: Երբ ամուսնանում է, աղջկա անունը, ի պատիվ որբանոցի աղջկա, դնում է Ձյունիկ: Ես հազիվ կարողացա ասել, որ նրանք իմ տատիկն ու նրա քույրն են եղել:

Տատս պատմել էր, որ ինքը իգդիրցի է, որ թուրքերը գյուղացիներին լցրել էին գոմերը և այրել: Մայրն իր երկու աղջիկների հետ հրաշքով  փրկվել էր: Փախել էին, բայց ճանապարհին կորցրել իրար: Քույրերն անցել էին Արաքսը, հայտնվել անծանոթ գյուղում, որտեղից էլ  տարել էին որբանոց: Հետո հայտնված մոր խնդրանքով բազմազավակ ընտանիքի հայր Անդրանիկը որդեգրել և իր երեխաների նման պահել էր քույրերին: Ձյունիկը մահանում է 35 տարեկանում:  Աստղիկը (տատիկս) աղջիկ էր ունեցել ու անունը դրել Ձյունիկ, բայց երկու տարեկանում նա էլ մահացել էր կարմրուկից:

Երբ հայրս աղջիկ է ունենում, թուխ երեխա է լինում, անունը Մանուշակ են դնում: Հետո ծնվում եմ ես. ձյան նման ճերմակ. անունը գտնում է տիրոջը: