Նորահրատ 8-րդը

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ 8-ՐԴ ՀԱՏՈՐԸ


Այս երեկո մարդաշատ էր Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական գործերով 2016 թվականին կայացված որոշումների ժողովածուի 8-րդ հատորի շնորհանդեսը: Մասնակցում էին դատավորներ, դատախազներ, քննչական մարմինների ներկայացուցիչներ, փաստաբաններ, օրենսդիր և գործադիր մարմիննների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ տարբեր բուհերի դասախոսներ և ուսանողներ, կազմակերպել էին Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի» պատասխանատուները:

 

- ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների ժողովածուների շնորհանդեսները արդեն ավանդույթ են դարձել, սակայն  այսօրվա միջոցառումը  առանձնահատուկ է նրանով, որ վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից 2016  թվականին կայացված 56 որոշումներից  29-ը  կայացվել է ՀՀ վճռաբեկ դատարանի  քրական պալատի  նախկին նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավագիտության թեկնածու Դավիթ Զաքարի Ավետիսյանի նախագահությամբ,-  բացման խոսքում ասաց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:

Ըստ բանախոսի, դատաիրավական բարեփոխումների ներկա փուլում  դատական իշխանությունը կարևորում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից  օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի պահպանումը` դատական օրենսգրքում և այլ սահմանադրական, դատավարական օրենսգրքերում:

- Հայաստանը այն երկրների շարքում է, որտեղ կարևորվում է վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի պահպանումը: Մենք համակարծիք ենք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության տնօրինության կողմից որդեգրված այն մոտեցման հետ, որ խնդիրների մեծ մասը ծագում է ոչ թե իրավական  նորմի ձևակերպման մեջ առկա թերությունների, այլ  այդ նորմերը մեր պետական տարբեր դատարանների կողմից տարբեր մեկնաբանություն կիրառելու կարգով: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները պարտադիր են ոչ միայն այն հիմքով, որ դրանք ՀՀ բարձրագույն դատական ատյանի որոշումներ են, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն, այլ նաև այն հիմքով, որ հասկանալի են, տրամաբանական, հիմնավորված և ամենակարևորը` համոզիչ,- մանրամասնեց Ա. Մկրտումյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը կշարունակի այս կարևոր ավանդույթը, ուժ, եռանդ, ժամանակ և գիտելիք չի խնայի ոչ միայն նախադեպային որոշումների ձևավորման գործում, այլև դրանց հրատարակման և մեկնաբանության ոլորտում իր ստեղծագործական աշխատանքը շարունակելու ուղղությամբ:      

Ժողովածուի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացրեց  ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Սերժիկ Ավետիսյանը:

Նրա խոսքերով`  ժողովածուի բովանդակությունը  միտված է քրեական պալատի որոշումները հասու դարձնել ինչպես իրավաբանական հանրությանը, այնպես էլ հասարակության լայն շրջանակներին, ինչը կարելի է համարել այդ որոշումների կիրառության ապահովման առաջին քայլը:

Ինչպես ներկայացրեց բանախոսը` ժողովածուում ընդգրկված 2016 թվականին կայացված 56 որոշումները (որոնք վերաբերում են ինչպես նյութական, այնպես էլ  դատավարական իրավունքին) արտահայտում են ՀՀ վճռաբեկ դատարանի որդեգրած քաղաքականության բնութագրական գծերը:

Սերժիկ Ավետիսյանի հավաստմամբ` որոշումների շարքում զգալի տեղ են զբաղեցնում դատական սխալների շտկմանն ուղղված դատական ակտերը, ինչը նախորդ տարիներին նախանշված ռազմավարության շարունակությունն է: Վերջինս առավել արդիական դարձավ նաև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների պայմաններում, երբ ՀՀ Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրվեց մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու ՀՀ վճռաբեկ դատարանի պարտականությունը:

Ի դեպ, ժողովածուն ներառում է լազերային սկավառակ, որի վրա նույնությամբ ձայնագրված են գրքում ներառված դատական ակտերը, ինչը ևս հնարավորություն է տալիս հեշտացնել ժողովածուից օգտվողների աշխատանքը:

Ելույթի ավարտին բանախոսը շնորհակալական խոսքեր ուղղեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային` շնորհանդեսի կազմակեպմանն օժանդակելու համար ու միաժամանակ հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական:
Սերժիկ Ավետիսյանը շնորհակալություն  հայտնեց նաև ՀՀ դատավորների միությանը և Հայ-ռուսական համալսարանին, որոնց աջակցության շնորհիվ իրականացվել է ժողովածուի տպագրությունը: