Նախընտրելին լիարժեք սնունդն է

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ը ԲՈՒՍԱԿԵՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Ոմանք վստահ են, որ կենդանական ծագման մթերքներ գործածելը ոչ միայն մեղք է, այլև՝ վնասակար: Այո՛, նրանք բուսակերներն են, ովքեր այսօր նշում են իրենց տոնը՝ Բուսակերների միջազգային օրը:
 
Իսկ ի՞նչ է բուսակերությունը. արդյոք, այն իսկապե՞ս առողջարար է, թե՞ ոչ, և մի՞թե հնարավոր է միայն բուսական ծագման մթերքներով ապահովել օրգանիզմի՝ կենդանական ծագման մթերքների հանդեպ ունեցած պահանջը:
 
Այս և այլ հարցերի շուրջ է զրույցը բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:
 
- Ի՞նչ է բուսակերությունը, ովքե՞ր են բուսակերները:
 
- Բուսակերությունը (լատինական vegetatio՝ բուսականություն, բառից) ենթադրում է ապրելակերպ, երբ մարդիկ բացառում են կենդանական ծագման մթերքը։ Կախված այն բանից, թե որքան է սահմանափակվում կենդանական սնունդը՝ բուսակերները լինում են մի քանի տեսակ՝ լակտոբուսակերներ (ովքեր իրենց սննդակարգից չեն բացառում  նաև կաթնամթերքը) և օվոլակտոբուսակերներ (ովքեր չեն բացառում կաթնամթերքը և ձուն)։
 
- Իսկ ովքե՞ր են վեգաններն ու հումակերները:
 
- Ավելի խիստ բուսակերներին կոչում են վեգաններ: Նրանք ընդհանրապես բացառում են կենդանական ծագման մթերքը։
Գոյություն ունի վերջիններիս առավել ծայրահեղ տարբերակը, որոնց կոչում են հումակերներ։ Հումակերները ոչ միայն կենդանական ծագման մթերք չեն ուտում, այլև բուսական ծագման մթերքն ուտում են միայն հում ձևով։
 
- Միայն բուսակերությամբ հնարավո՞ր է լրացնել կենդանական ծագման մթերքների՝ օրգանիզմի ունեցած պահանջը:
 
- Բուսակերությունը չի համարվում բալանսավորված սննդակարգ։ Միայն բուսական ծագում ունեցող մթերքով հնարավոր չէ լրացնել որոշակի տեսակի վիտամինների և սպիտակուցների պահանջը։ Գիտական բժշկության տեսանկյունից ճիշտ է բալանսավորված սնվելը՝ սննդակարգում ներառելով  թե՛ կենդանական, թե՛ բուսական ծագման սնունդ։ 
 
- Ի՞նչ ազդեցություն ունի բուսակերությունն առողջության վրա, որո՞նք են դրա առավելություններն ու վնասները:
 
- Բուսակերությունն առողջության վրա ունի և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն։ Դրական կողմերից ապացուցված է, որ բուսակերները սննդի մեջ օգտագործվող մեծ քանակի բջջանյութի, հանքային աղերի և անտիօքսիդանտների հաշվին ավելի քիչ են հիվանդանում ուռուցքային և սրտանոթային հիվանդություններով։ Մյուս կողմից էլ՝ որոշ տեսակի սննդանյութերի բացակայության պայմաններում, բուսակերների մոտ ավելի հաճախ է հանդիպում որոշակի միկրոտարրերի և վիտամինների պակաս, օրինակ` վիտամին B12-ի, երկաթի պակաս, սակավարյունության որոշ տեսակներ և այլն։
 
- Մարդիկ հաճախ են շփոթում պահքը և բուսակերությունը՝ նույնացնելով իրար հետ բացարձակ կապ չունեցող այս երկու հասկացությունները: Խնդրում եմ, հստակեցրեք:
 
- Պահքն ու բուսակերությունն ընդհանրապես տարբեր երևույթներ են։ Պահքը տարվա ընթացքում միայն որոշակի ժամանակահատված է տևում․ Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից առաջ մեծ պահքերն են, շաբաթվա ընթացքում 2 պահքային օրերն կան, երբ առհասարակ չեն ուտում կենդանական ծագում ունեցող ոչ մի տեսակի մթերք, օգտագործում են միայն բուսական ծագման սնունդ։ Պահքը սննդակերպ չէ, այլ հրաժարման մի տեսակ է։ Բուսակերությունն ավելի շատ կապված է ապրելակերպի հետ, ավելի երկարատև է, հիմնական։ Մարդիկ կան, ովքեր ողջ կյանքի ընթացքում միայն բուսական ծագման սնունդ են օգտագործում։
 
- Հիմնականում մարդիկ սեփական որոշմամբ են դառնում բուսակեր՝ բացառությամբ որոշ դեպքերի: Նշեք, խնդրեմ, մի քանի տարածված պատճառ, որոնք մարդկանց դարձնում են բուսակեր:
 
- Բուսակեր դառնալու պատճառները շատ են, մասնավորապես՝ կյանքի հանդեպ կրոնական, փիլիսոփայական, էթիկական մոտեցումները, երբ մարդիկ անհանգստանում են երկրագնդի, էկոլոգիայի համար, որովհետև մսի արդյունաբերությունը բավական վատացնում է էկոլոգիական վիճակը։ Մի մասը պայքարում է կենդանիների իրավունքների համար: Այս մարդիկ չեն օգտագործում կենդանիների վրա փորձարկված կոսմետիկ և խնամքի միջոցներ, մորթի, բնական կաշվե իրեր և այլն։ Մարդկանց մի մասն էլ հրաժարվում է կենդականակ սննդից, որովհետև համոզված է, որ դա  ավելի առողջ ճանապարհ է։