Աղվան Հովսեփյանն այլ առաջարկ պետք է աներ Տարոն Մարգարյանին

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՆՔՆ ԱՅԼ ՏԵՂ Է

Ե՞րբ է մարդն իր կյանքին վերջ տալիս: Պատճառները տարբեր են, բայց, ըստ հոգեբանների, ամբողջ աշխարհում խաղամոլությունն ու դրա պատճառով  ֆինանսների կորուստն է պատճառը: 2016 թ. վիճակագրությամբ՝ Հայաստանում ինքնասպանության 197 դեպք է գրանցվել, որը 2015-ի  համեմատ աճել է երկու դեպքով, իսկ 2014 թվականին այդ դեպքերի քանակը 155-ն էր:
 
Ինքնասպանություն գործելու վայրը հիմնականում եղել են բնակարանները և առանձնատները: 133-ը ինքնասպան են եղել կախվելու միջոցով, 40-ը՝ վայր նետվելու, 8-ը՝ հրազենի կիրառմամբ, 3-ը՝ քիմիական նյութերի օգտագործմամբ, 2-ը՝ հրկիզման միջոցով, 2-ը՝ էլեկտրահարման միջոցով, 1-ը՝ երակների վնասմամբ, ևս 1-ը՝ դեղորայքային չափի խախտման հետևանքով:  Ըստ սեռի՝ 197 դեպքերից 37-ը եղել են իգական սեռի ներկայացուցիչներ, իսկ 160-ը՝ արական սեռի: 
 
Ամենաշատ ինքնասպանությունները գրանցվել են Երևանում՝ 79 դեպք, ապա Շիրակում՝ 19, Լոռիում՝ 18, Կոտայքում՝ 16, իսկ ամենաքիչը դեպքերը գրանցվել են Վայոց ձորում՝ 2:
 
Հոգեբան Սամվել Խուդոյանը, օրինակ, համաձայն չէ, թե Հայաստանում ինքնասպանությունները  ավելացել են: Նրա կարծիքով՝ Հայաստանը ամենաքիչ ինքնասպանություններ ունեցող երկրներից է աշխարհում, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերական, հարազատական կապերը և շփումները ավելի զարգացած են այստեղ: Սոցիալական օգնությունը և աջակցությունը հարազատների միջև շատ ավելի ուժեղ է մեզ մոտ, քան Եվրոպայում:  
 
Չհակադրվելով մասնագետներին՝ ասենք, որ Հայաստանում քիչ չեն դեպքերը, երբ մարդն իր կյանքին վերջ է տալիս գործ սկսելու համար վարկ վերցնելու, ոչ լավ օրից պարտքեր ունենալու և դրանք մարել չկարողանալու, դրա հետևանքով  հուսահատվելու պատճառով: 
 
Բնականաբար, պաշտոնական վիճակագրական տվյալները չէին կարող  չմտահոգել  իրավապահ մարմիններին: Եվ ահա ՀՀ քննչական կոմիտեղի ղեկավար  Աղվան Հովսեփյանը  ամռանը, դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար: Անցել է մի քանի ամիս, սակայն քաղաքապետարանը դեռ աշխարհի փորձն է ուսումնասիրում: 
 
Բայց ի՞նչ կարող է անել քաղաքապետարանը՝ կամուրջները ցանցապատելուց  բացի: Կարծում ենք ՝ ոչինչ, քանի որ Տարոն Մարգարյանի ղեկավարման ժամանակ  քաղաքապետարանը մի կողմ է թողել քաղաքացիների հանդեպ սոցիալական պարտավորությունները և հիմնականում զբաղվում է տարատեսակ թոզ փչոցի միջոցառումներ կազմակերպելով: Եվ պատահական չէ, որ Տարոն Մարգարյանը լռություն  է պահպանում: Եթե քննչական կոմիտեի ղեկավարը քաղաքապետարանին առաջարկեր, օրինակ, կամուրջների վրա առևտրային օբյեկտներ կաուցել, կամ կամիր գծեր քաշել, աշխարհի փորձն ուսումնասիրելու կարիք չէր զգացվի՝ սեփական փորձը լիուլի կբավարեր: Մայրաքաղաքին  խնդիրների համար պատասխանատու կառույցը լավ հմտացել է  մարդկանցից փող քերելու և սեփական բիզնես-տիրույթներն ընդլայնելու գործում: Այնպես որ, Աղվան Հովսեփյանը ճիշտ նշանակետին չի խփել (գուցե Տարոն Մարգարյանի այս  լռությունից հետո նախկին դատախազը վերանայի՞ իր պահանջը): 
 
Իսկ եթե ավելի լուրջ՝ Աղվան Հովսեփյանը պետք է  ինքնասպանության պատճառները վերացնելու առաջարկ հնչեցներ՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում, որի շնորհիվ ապագայի նկատմամբ հույսն ու հավատը հակաքրիստոնեական քայլից ետ կպահի մեր հայրենակիցներին: Չմոռանանք, որ երբեմն լավ կյանքից չէ, որ մարդն իր բախտը փորձում է խաղատներում՝ մեծ գումար վաստակելու ակնկալիքով՝ հաշվի առնելով Հայաստանում աշխատատեղերի սղությունն ու աշխատուժի ցածր վարձատրությունը: Հեռուստաեթերներով հեռարձակվող սերիալային վայրագությունների սահմանափակումն էլ իր հերթին, կարծում ենք, կնպաստի ինքնասպանությունների թվի նվազմանը: Տեղին է հիշել Միքայել Նալբանդյանի խոսքը՝ վերքը փաթաթանով փակելու փոխարեն պետք է այն բուժել:
 
(Լուսանկարը՝ 1in.am-ի)