«Չանտեսելով ոչ ոքի... »

ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

«Ընդդեմ կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության 16-օրյակ» ամենամյա քարոզարշավն ավանդաբար մեկնարկում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, և շարունակվում է մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների օրը։ Այս տարի ՄԱԿ-ի գրասենյակն իր գործընկերների հետ նշված ժամանակահատվածի համար նախատեսել է միջոցառումների շարք:
 
Նոյեմբերի 27-ին՝ երկուշաբթի, Մատենադարանում կկայանա 16-օրյա քարոզարշավի  բացման արարողությունը, որը ներառում է համատեղ հայտարարության հրապարակում միջազգային մի շարք կազմակերպությունների (Միավորված ազգերի կազմակերպություն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ) և Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) ղեկավարների մասնակցությամբ։
 
 
Այս տարվա կարգախոսն է. «Չանտեսելով ոչ ոքի՝ վերջ տանք կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը»։
 
Նախատեսված է նաեւ թատերական ներկայացում՝ «Ես կին եմ»։
 
 
Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, որից մի հատված ներկայացվում է ստորև. 
 
Նյու-Յորք, նոյեմբերի 25, 2017 թ.
 
Յուրաքանչյուր կին և աղջիկ ունի բռնությունից զերծ կյանքի իրավունք: Սակայն մարդու իրավունքների այս խախտումը տարբեր եղանակներով տեղի է ունենում ցանկացած համայնքում՝ մասնավորապես ազդելով ամենից անտեսված ու ամենախոցելի կանանց վրա: Աշխարհում ամեն երեք կնոջից առնվազն մեկն իր կյանքի ընթացքում ֆիզիկական և սեռական բռնության է ենթարկվել: 750 մլն կին ամուսնացել է մինչև 18 տարեկանը, իսկ ավելի քան 250 միլիոնը սեռական օրգանների խեղման զոհ է դարձել:
 
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների թիրախավորումը տագնապեցնող է, իսկ կին քաղաքական գործիչների հանդեպ բռնությունը խոչընդոտում է կանանց քաղաքակրթական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների առաջխաղացումը:
 
Այժմ լայնորեն ընդունվում է, որ կանանց նկատմամբ բռնությունը, այդ թվում՝ ոտնձգություններն ու վնասակար իրողությունները, մեծ խոչընդոտ են մարդու իրավունքների իրագործման համար և ուղղակի մարտահրավեր՝ խաղաղության պահպանման գործում կանանց ներառման ու մասնակցության հարցում: Առանց դրա լուծման, Կայուն զարգացման 2030 օրակարգի իրագործումն անհնար կլինի:
 
Ժամանակն է առաջ մղել կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը վերացնելու ուղղությամբ մեր հավաքական գործունեությունը: Դրա համար անհրաժեշտ է, որ բոլորս միասին, միաժամանակ, մեր երկրներում, տարածաշրջաններում և համայնքներում աշխատենք հանուն միևնույն նպատակի իրագործման:
 
...Ժամանակն է մեր բոլորի միացյալ գործունեության, որ ամբողջ աշխարհի կանայք և աղջիկները կարողանան ապրել ոտնձգություններից, վտանգավոր իրողություններից և բռնության այլ ձևերից զերծ: