Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

«ՄԻԱՆԱԼՈՎ Է ՄԱՐԴԸ ԲԱԶՄԱՆՈՒՄ. ԵԿԵՔ ՄԻԱՆԱ՜ՆՔ»

Պարույր Սևակի շուրթերով այսօր նորից մրմնջում ենք կիսաձայն կամ մտովի՝
- ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց... 
- ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵ՜Ր...
- ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱ՜Ց...
Մրմնջում ենք՝ գիտակցելով սակայն, որ ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱ՜Ց-ի ժամն է արդեն: Ապրողաց ապրե՛լ կոչենք՝ մարդկության բախտն տնօրինելու պատասխանատվությունը ստանձնածներին հիշեցնելով սակայն՝
 
… Եվ այն ժամանակ, երե՛կ տակավին,
ո՞ւր էր աշխարհը և ի՞նչ էր անում,
ո՞ւր էր օրենքը հանուր մարդկության,
որ հանցապարտին չմահապարտեց...
 
                  Եվ ասում եմ ձեզ՝
                  ուշացածի պես.
- Մե՜ր, նա՛խ մեր, լո՛կ մեր ապրածը հետո
վերապրեց ինքը աշխարհը համայն՝
երբ Վիլհելմ Հաջին Հիտլերին ծնեց,
և Թալեաթը ծնեց Հեբբելսին.
երբ չեթեն իրեն էսէս անվանեց,
և ենիչերին կոչվեց գեստապո,
շեհիդն ու միլլին՝ պատերազմ տոտալ,
Նոր կարգ՝ հիքմեթի հոքյումեթը հին,
հագգ դին ասվածը՝ նորակոչ նացիզմ,
                  և ցեղը՝ ռասսա,
                  ժոյն թուրքը՝ ֆաշիստ...
 
 Եվ դարերն անգամ չեն տա թողություն
թե՛ բոլոր նրանց, ովքեր զրկեցին,
թե՛ բոլոր նրանց, ովքեր լքեցին:
 
…Մեր հայրենի՜քը մեզնից դատարկվեց:
Բայց... ո՛չ մի վայրկյան, ո՛չ մի ակնթարթ
մենք չենք դատարկվել մեր հայրենիքից:
Մե՛նք սպանվեցինք մեր հայրենիքում,
բայց հայրենիքը մեր մեջ չսպանվե՜ց,
ո՛չ, ապրում է նա կրկնակի՜ կյանքով:
Իսկ ով չսպանվեց, փրկվեց պատահմամբ,
նա աքսորված է իր հայրենիքի՜ց...
… Եվ ո՞վ է ասում, թե դուք ծով չունեք:
Ձեր Արյան ծովը ավելի մեծ է Մեծ կամ Խաղաղից,
ծովը Քրտինքի՝ Ատլանտականից ավելի խորունկ,
Վրեժի ծովը՝ ավելի ահեղ, քան Սառուցյալը,
                  իսկ ծովն Արցունքի՜...
 
                  Պե՛տք չեն արցունքներ:
                  Նրանց փոխարեն
թող հոսի ավյո՜ւն, թող հոսի քրտի՜նք
ու սրբագրի վրիպակները նույնիսկ բնության՝
ապառաժները դարձնելով հնձան ճմլելիք գինու,
առապարները՝ բաց շտեմարան հացի և մրգի,
անապատները՝ շեն-ապատների բաց ցուցահանդես,
որպեսզի ամեն կտուրի ներքո, ամեն հարկի տակ,
բախտավորության հարսները մահճում
նորածնի հետ, երկվորյակի պես,
ապահովությո՜ւն բերեն լույս աշխարհ,
և ամեն տան մեջ խոսուն շշերը 
երազկոտ գինու շուրթերը բացեն,
և ամեն տան մեջ, «Հայր մեր»-ի նման,
հոլովվի մեր նոր նշանաբանը.
                  -Մեր թափված գինին
մեր ջարդված շշին թող մատաղ լինի:
Գինի՜ն, բայց երբեք ո՛չ արյունը բորբ,
շշի՜ն, բայց երբեք ո՛չ երկրին ավեր...
 
                  …- Կոչեմ ապրողա՛ց՝
                  մոլորյալների՜ն :
 
Աքսորը միայն բռնի չի լինում,
                  այլև կամովին,
և առավել է տխուր ու տրտում ոչ մեռելոցը,
                  այլ գերելոցը:
Օտարության մեջ ազատ լինելն էլ ա՜յլ գերություն է,
իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ ա՛յլ ազատություն:
Իսկ տունն էլ տո՛ւն չէ, այլ հայրենի՜ք է,
                  և ի՜նչ հայրենիք.
գայլի երախից ձեռքերով խլված մի Դավիթ մանուկ,
երկանքաքարի ակռայից պրծած ողջանդամ մի սերմ...
Եվ ո՞վ կգտնի, որտե՞ղ կգտնի
այսպիսի մեկ այլ՝ երկրորդ հայրենիք
                  և ի՜նչ հայրենիք...
 
                 … Մա՜րդ ենք, ո՛չ մանրէ,
որ բազմանում է՝ իրեն կիսելով:
Միանալով է մարդը բազմանում.
                  եկեք միանա՜նք: 
                  Եկեք միանա՜նք,
որ մեր այս փոքրի՛կ, շա՜տ փոքրիկ հողի երազանքը մեծ
մարմին ստանա մեր միս-ոսկորով,
և մարմնավորված մեծ երազանքի բուժիչ բարությամբ
մենք էլ ազատվենք մեր ոխ ու քենի ցածր զգացումից,
որ դրանով իսկ չնսեմանանք անգամ մեր ներսում,
այլ մնանք մեր վեհ հպարտությա՛ն հետ,
նաև մեր վսեմ արհամարհանքի՛,
բայց ավելի շատ՝ մեր ծով բարությա՜ն
ու մեր բնածին այլասիրությա՜ն,
որից զրկվելով մենք կարծես մե՛նք չենք,
կիսավերակ ենք և կանգուն շե՛նք չենք... 
                  Մենք այսպիսի՜ն ենք
                  ու պիտի՛ լինենք:
Թողած ցավը մեր, ցավը լեռ ու բեռ՝
կրում ենք ցավը համա՜յն աշխարհի:
Թողած հոգսը մեր, հոգսը քար ու սար՝
հոգում ենք հոգսը համա՜յն աշխարհի...
Թո՛ղ որ համեցող, բայց չանհամացող արդարությունը
ամենից առաջ հասնի ամենքի՜ն,
                  մեզ՝ միայն վերջո՛ւմ...
 
Եվ մեր կսկիծը զսպանակելով՝
մենք մասնակցում ենք այլոց հանդեսին,
մասնակցում սրտա՜նց-անմախա՛նք-անքե՛ն...
Թո՛ղ ուրախության ուղտը գեթ վերջո՛ւմ, ամենա՜վերջում,
իր ծունկը ծալի մեր դռան առաջ՝
թեպետ ուշացած, բայց միշտ ցանկալի ուխտավորի պես...