«Եթե չեն կրթում, գոնե պետք է չդեգրադացնեն»

«ԹԱՎՇՅԱ ԶՐՈՒՅՑ» ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա ՀԱԿՈԲՅԱՆԻ կարծիքով այսօր բավականին խոր արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադառնալով թավշյա հեղափոխությանը և հետհեղափոխական շրջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին` Հրաչյա Հակոբյանն ընդգծեց.

- Միգուցե դեռ կան մարդիկ, ովքեր ամբողջապես չեն գիտակցել, որ իրենք են տերը այս երկրի, բայց նրանք շատ փոքրաթիվ են: Միգուցե լինեն ընտրակաշառքի բաժանման դեպքեր, բայց մարդկանց մեծ մասն այլևս չի գնա դրան, չի վերցնի:

Հիշեցնելով, որ թավշյա հեղափոխությունը բաց ձեռքերի պայքար էր, նա ասում է. 

- Մենք ոստիկանի հետ կռիվ չունեինք: Ամբողջ պրոցեսի ընթացքում ես ոստիկաններին նույն մեսիջն էի ուղարկում. տղերք դուք իմ ընկերն եք, իմ բարեկամն եք, իմ թաղի տեղերքն եք:

Այսօր նա առաջնահերթ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն է տեսնում արդարադատության ոլորտում:

- Հանրության մեջ վստահության պակաս կա այդ համակարգի նկատմամբ, պետք է վերականգնել վստահությունը այդ մարմնի նկատմամբ, և մենք պետք է ունենք ազատ արդարադատության համակարգ:

Հրաչյա Հակոբյանը 2003-ից ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում: 2017թ. խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 3 ընտրատարածքում:

- Հիշում եմ , որ առաջին անգամ դուրս եկա փողոցային պայքարի` 2003 թ. կեղծված ընտրությունների համար էր՝ Ստեփան Դեմիրճյանի համար: Այսինքն, էլի կեղծված ընտրությունների դեմ էի դուրս եկել, իմ  ձայնի իրավունքի պահպանման համար: Դա եղել է առաջին պայքարը, որին ես մասնակցել եմ ու գիտակցել, թե ինչի համար եմ պայքարում,-ասում է Հակոբյանը:

ԱԺ պատգամավորը խոսոտվանում է, որ իր համար շրջադարձային փուլ է  եղել 2008-ի մարտի 1-ի դեպքերը:

- Դա շատ խորը հետք թողեց ինձ վրա: Եթե դրանից առաջ ես պարզապես ակտիվ քաղաքացի էի, ապա դրանից հետո որոշեցի, որ պետք է մտնեմ քաղաքականություն,- ասում է Հակոբյանը:

Նա 2001-2005 թթ. սովորել և ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: Մասնագիտությամբ դերասան է և նախկինում նկարահանվել է մի շարգ գեղարվեստական ֆիլմերում ու հեռուստանախագծերում:
Անդրադառնալով արվեստի ոլորտի խնդիրներին ասում է, որ`

- Արվեստի ոլորտում բազմաթիվ են խնդիրները` սկսած հեռուստատեսությունից մինչև թատրոններ, կրթության ցենզը իջեցված է մինիմալի: Եթե հեռուստաընկերությունները չեն կրթում, գոնե պետք է չդեգրադացնեն:

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող