«Ամերիկացին»՝ «Արմավիր» քրեակատարողականում

«ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ ՔՈ ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, հայ թատրոնի և կինոյի մեծ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 93-րդ տարեդարձն էր՝ բազմաթիվ մշակութային միջոցառումների ու նախաձեռնությունների հրաշալի առիթ հայ հասարակության համար։
   
Այդ օրը մեկ այլ միջոցառում էր նախատեսված հասարակությունից մեկուսացված, սակայն վերջին տարիների պետական քաղաքականության շնորհիվ հասարակությանն աստիճանաբար մոտեցող ազատազրկված անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որը, մշակութային միջոցառումների պակաս չի ունենում՝ ինչպես տեղի դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման նախաձեռնողականության, այնպես էլ տարատեսակ հասարակական կազմակերպությունների, միությունների, նախաձեռնող խմբերի, վերջապես հենց քրեակատարողական ծառայության և հիմնարկի ջանքերով։
   
Նախատեսված էր հրաշալի մի ֆիլմի՝ ամերիկաբնակ հայազգի նշանավոր կինոգործիչ, գրող Մայքլ (Միքայել) Գուրջյանի «Ամերիկացին» կինոնկարի  ցուցադրությունը։ Այն կրկնակի նշանակալի էր նրանով, որ դատապարտյալներին էին հյուրընկալվել պատվիրակներ Ազգային կինոկենտրոնից, որոնց միացել էին ինքը՝ Գուրջյանը և հայ թատրոնի ու կինոյի դիմագիծն ամբողջացնող արվեստագետներից մեկը՝ «Ամերիկացին» ֆիլմի երկրորդ պլանի դերակատար Ժան Նշանյանը։
   
Հանդիսասրահը հետաքրքրությամբ համակված, կենտրոնացած դեպի էկրանը, երբեմն նայելով անկյունում համեստորեն նստած հյուրերին, հուզվում էր հերոսի ապրումներից, ժպտում նրա միամտության վրա՝ մեկ ժամ և քառասունհինգ րոպե ապրելով ֆիլմի հերոսի՝ Չարլիի (Մայքլ Գուրջյան) դժվարին կյանքով, ինչպես ինքը՝ Չարլին էր մաշում իր տարիները՝ հարևանությամբ ապրող մարդկանց կյանքին հետևելով։ Եվ դա ապրեցնում էր նրան, թույլ տալիս չխելագարվել պատուհասած անարդարությունից և հնարավոր վերահաս վտանգի տագնապներից։ 
   
Եվ, որովհետև, որքանով ինձ է հայտնի՝ ֆիլմը դեռևս հանրայնացված չէ, զերծ կմնամ սյուժետային գծերի մանրամասներ ներկայացնելուց, փակագծեր բացելուց ու վերլուծական խոսքս կեզրափակեմ մի պարզ ու անկեղծ շնորհակալությամբ՝ հավաքական հանդիսականի կողմից, ասելով՝ «շնորհակալություն Չարլի-Մայքլ Գուրջյան, որ առիթ ստեղծեցիր ճանաչելու քեզ, այդպիով մեր ոչ այնքան հեռավոր անցյալից ևս մեկ պատառիկ․․․»։
   
Առանձին ուզում եմ շեշտել, որ Մայքլ Գուրջյանը, որպես գրող (իսկ այս դեպքում սցենարիստ), ռեժիսոր և դերասան՝ հավասարապես իր բարձունքի վրա էր։ Նրա աչքերում կուտակված արցունքները ֆիլմի որոշ տեսարաններում իրական ապրում էին, և, անխոս, այստեղ տաղանդին զուգահեռ մեծապես ազդեցիկ է այն հանգամանքը, որ Գուրջյանը վերապրում էր իր մեծ հոր կյանքը։
   
Ռեժիսորական կարևորագույն ունակությունն, իմ խորին համոզմամբ, ո՛չ միայն պատկերները տեսնելու և վերարտադրելու կարողությունն է, այլև՝ դերասանների ճշմարիտ ընտրությունը, որը նախաձեռնող խումբը, հանձին ռեժիսոր Գուրջյանի կարողացել էր հիանալիորեն կատարել։ Ֆիլմում պատահական ոչ ոք չկար, դերասանական փորձառությամբ ստեղծագործողներ էին ներգրավված անգամ մասսայական տեսարաններում։ Ստեղծագործական խմբում էին  Ժան Նշանյանը, Նարինե Գրիգորյանը, Մայրանուշ Գրիգորյանը, Տրդատ Մակարյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը, շնորհաշատ այլ արվեստագետներ՝ Հայաստանի տարբեր թատրոններից, Ռուսասատանից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այս թվում աշխարհահռչակ մեր հայրենակիցները։ Հիանալի էր տեսնել ու համոզվել, որ հայկական կինոմատոգրաֆը առաջ է շարժվում, չէ՞ որ հայ կինոն ու հայ ստեղծագործ միտքը շատ ասելիքներ ունի աշխարհին, դարին ու իր ժամանակի քաղաքացուն։
 
Հրաշալի կլիներ տեսնել «Ամերիկացին» ամբողջապես ռուսերեն և անգլերեն հնչյունավորումներով, որովհետև թեման վերաբերելի էր բոլորին, ովքեր զրկանք են տեսել ու անարդարություն․․․ Իսկ պատմությանը դեռ հայտնի չեն այնպիսի ազգեր, որոնք չեն ճաշակել կյանքի դառնահամը։ Հենց նման ֆիլմերն են, որ գալիս են ասելու օրվա քաղաքացուն (այս դեպքում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներին)՝ «Հե՛յ, դու մենակ չես քո դժբախտության մեջ, քո պես մարդիկ էլի՛ կան, ու․․․ ամեն մայրամուտ ազդարարում է մոտալուտ այգաբացը․․․ մի՛ երկնչիր, ամեն ինչ լա՛վ է լինելու»։
 
Կինոդիտմանը մասնակից բոլոր դատապարտյալների անունից երախտագիտությամբ՝
 
Մ. Մ. ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ Ինքնագործ
Մշակութային միավորման նախագահ,
դրամատուրգ