Ծխախոտի թանկացումը, հաստա՛տ, առողջաբեր չի լինի

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՄԵՐ ԱՆԲԱԺԱՆ ՈՒՂԵԿԻՑՆԵՐՆ ԵՆ

«Ուզում էին ավելի լավ, բայց ստացվեց՝ ինչպես միշտ». թևավոր այս արտահայտությունն իր արդիականությունը հաստատեց ևս մեկ անգամ: Խոսքը ծխելու դեմ պայքարի ռազմավարության ու առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հայտարարությունների մասին է, որոնք դեռ հակառակ ազդեցությունն են ունենում:
Հիշեցնենք` նախարար Ալթունյանը ծխելու դեմ պայքարի ու տենդենցի դեմն առնելու համար երեկ  փորձել է «թասիբի» գցել ծխողներին ու ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, թե ծխելն անհաջողակ լինելու նախանշաններից է:
 
Իհարկե, նախարարը հետո  մեղմացրեց ու սրբագրեց իր ասածը՝ հավաստիացնելով, թե այլ բան է նկատի ունեցել: Անգամ պասիվ ու ակտիվ ծխողների մահվան վիճակագրություն ներկայացրեց, նույնիսկ մի թույլ բերան ակնարկեց` եթե անգամ ՀՀ նախագահն արգելված վայրում ծխի, պետք է տուգանվի:  
 
Հիշեցնենք` Կառավարությունը հասարակական վայրերում արգելելու է ծխելը, որի մասին հայտարարվել է օրեր առաջ:
 
Հայաստանում ծխելու դեմ պայքարելու համար մի տարբերակ էլ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանն է առաջ քաշում: Լրագրողների հետ զրույցում այսօր նա ասաց, որ ծխելու դեմ պայքարելու համար արտոնություններ պետք է սահմանել.
 
- Մենք ասում ենք՝ եթե սրճարանը թույլ է տալիս ծխել, ապա այն պետք է օրինակ, 300 հազար դրամ պետական տուրք վճարի։ Թող այդ սրճարան հաճախեն միայն ծխող մարդիկ։ Բնականաբար, եթե սրճարանը պետք է 300 հազար դրամ տուրք վճարի, ուրեմն միևնույն սուրճն այլևս չի կարողանա վաճառել 500 դրամով, այլ առնվազն՝ 1000 դրամով։ Այդ սրճարանի մերձակայքում մեկ այլ սրճարան կբացվի, որտեղ ծխելն արգելված կլինի:
 
Մյուս խնդիրը, որը բարձրաձայնեց սպառողների շահերով մտահոգ ՀԿ ղեկավարը,  հետևյալն է` արդյո՞ք երաշխիք կա, որ ծխախոտին ցանկացած փոխարինող ևս կարգելվի հասարակական վայրերում։ 
 
- Եթե ոչ՝ ես կարող եմ մտածել, որ այդ մարդկանց նպատակն առողջպահական բարեփոխումը չէ։ Եթե նպատակը բարեփոխումն է, նրանք պետք է այնպես անեն, որ մարդիկ հետևեն նրանց յուրաքանչյուր բառին։ Խաբելով ոչ մի լավ բան չի կարելի անել,-ասաց Պիպոյանը:
 
Մի այլ ծեծված տարբերակ էլ կա, որն այս օրերին առաջարկում են մեր հայրենակիցները` բարձրացնել ծխախոտի գինը: Բայց տնտեսագետ Բաբկեն Թունյանն  այլ կարծիք ունի: Նրա խոսքով` թանկանալը լինելու է ակցիզային հարկի բարձրացման միջոցով, իսկ ակցիզային հարկի դրույքաչափը պայմանավորված է ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ.
 
- Հայաստանում դրույքաչափը ԵՏՄ անդամ մյուս երկրների համեմատ ցածր էր, և Հայաստանը պետք է մի քանի տարիների ընթացքում առաջանցիկ տեմպերով բարձրացներ այդ հարկի դրույքաչափը: Ըստ այդմ՝ մշակվել է մեր Հարկային օրենսգիրքը։ ՀՕ-ով նախատեսվում է, որ 2017-2021թթ. ամեն տարի ծխախոտի ակցիզային դրույքաչափը 15%-ով պետք է բարձրանա: Բացի դրույքից՝ նաև հարկման մեխանիզմն է փոխվում։ Ակցիզային հարկը ոչ թե միայն ֆիքսված բաղադրիչ է ունենում, այլ նաև արժեքային բաղադրիչ: Որքան թանկ սիգարետ, այնքան շատ հարկ։ Այսինքն, եթե արժեքը բարձրանում է, հարկի բեռը նույնպես բարձրանում է։
 
Բայց էս ամենով հանդերձ՝ 2021 թվականին Հայաստանում ծխախոտի ակցիզային հարկն ավելի ցածր պետք է լինի, քան Ռուսաստանում, որովհետև Հայաստանն ավելի ցածր եկամտային խմբում է, քան Ռուսաստանն ու Ղազախստանը։ Այնպես որ, սիգարետի թանկացման գինը ո՛չ վարչապետն է որոշում, ո՛չ էլ առողջապահության նախարարը: Ո՛չ էլ, մանավանդ, «դարդից» մոլի ծխող դարձած մեր հայրենակիցների առողջությունը:
 
Չմոռանանք, ոմանք իրենց գրպանին մատչելի ծխախոտով նաև քաղցն են զսպում...