Դավիթաշենի ծառահատման «լույսն ու ստվերը»

ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ՝ ՉԲՈԲԻԿԱՆԱԼ

Երևանի ավագանու ընտրություններում Դավիթաշենի բնակիչ Ալեքսան Սամսոնյանն իսկական «անակնկալ» մատուցեց պատկան մարմիններին: Մի գիշերվա մեջ կտրել էր  5 բարդի և 24 թեղի. դրանցից մի քանիսը սկսել էին շիվեր տալ...
 
Սա բարբարոսություն է ու վանդալիզմ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գնահատականն է:
 
Եվ ահա դեպքից՝ ապրիլի 10-ից 15 օր անց Ալեքսան Սամսոնյանը 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվում ու տալիս քաղաքից չհեռանալու մասին ստորագրություն: Ըստ Սամսոնյանի փաստաբան Արմեն Մելքոնյանի՝ իր պաշտպանյալը ոչ թե հատել է ծառերը, այլ էտել է: Հետաքրքիրն այն է, որ ծառերից մի քանիսը սկսել էին շիվեր տալ: Անմիջապես այլ խոսակցություններ տարածվեցին, թե արդյո՞ք անհրաժեշտ է, որ պատկան կառույցի ղեկավարները հանրային  տրամադրություններին տուրք տալով՝ ջուրը չտեսած բոբիկական և առանց խորքային ուսումնասիրության գնահատականներ հնչեցնեն: 
 
«Ավանգարդն»  անդրադարձել էր դեպքին և մի շարք հարցեր ուղղել պատկան կառույցին: Մասնավորապես, գրել էինք, որ  23 բարդի կտրելը խաղուպար չէ, ինչպե՞ս կարող էր մի քանի մետր հեռավորության վրա  գտնվող ոստիկանությունում չլսվել, ինչո՞ւ ՊՊԾ շրջիկ մեքենա չի եղել, արդյո՞ք ծառայողական քննություն սկսվել է, թե ոչ: Եվ ահա  լրատվամիջոցներից մեկին տված պարզաբանման մեջ  ոստիկանությունը գրել է, որ Դավիթաշենի ոստիկանությունը 2016 թվականին Դավիթաշեն 1-ին թաղամասի Փիրումյան փողոցի 39 հասցեից տեղափոխվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի Արզումանյան փողոցի 31/2 հասցե, որը դեպքի վայրից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա է՝ բակային հատվածում։
 
Այսինքն՝ իրավապահները փորձում են հիմնավորել, թե ոստիկանները չէին կարող լսել ծառահատման աղմուկը:
Ինչ վերաբերում է ՊՊԾ մեքենային, այն  նույնպես, չգիտես ինչու, հենց այդ գիշեր չի  շրջել:
 
Զարմանալի մի հանգամանք ևս: Դեպքից անցել է երկու ամիս, բայց մինչ օրս ոստիկանության ծառայողական քննությունը չի ավարտվել: Այսինքն, դեռ պարզ չէ՝ Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները թերացե՞լ են իրենց աշխատանքում, թե՞ ոչ: Մասնավորապես, կասկածներ կային, որ գուցե մի կլորիկ մաղարիչի դիմաց Աեքսան Սամսոնյանը լռեցրել է Դավիթաշենի  բաժանմունքի աշխատակիցներին, որպեսզի ծառերի հատման վայրում օբյեկտ կառուցեն: Քիչ չեն դեպքերը, երբ շինարարության թույլտվություն չունեցող քաղաքացին դեռ իր բակում շինանյութերը չբեռնաթափած՝ անմիջապես հայտնվում են այսպես կոչված թաղային ոստիկաններն ու օրենքի մասին հիշեցնում:
 
Հետաքրքիր է՝ եթե այսպիսի դեպքն են հայրենի իրավապահները քննում երկու ամսից ավելի, ապա քանի՞ դար կպահանջվի ծանր ու բարդ գործերի բացահայտման համար: Բայց, արդարության դեմ չմեղանչելու համար, հարկ է նշել, որ բազմաթիվ հանցագործություններ բացահայտվում են օպերատիվորեն՝ «տաք հետքերով»:  
 
Ի դեպ, հայցվոր կողմը պահանջել է նաև մասնագիտական փորձաքննություն՝ պարզելու՝ ծառերը հատվա՞ծ են, թե՞ էտված:  Փորձաքննությունն արդեն պատրաստ է, բայց հայցվորի փաստաբանը չի ցանկանում այն հրապարակել, քանի որ, իր խոսքով՝ դեռ անհասկանալի շատ բան կա: